Շուշվա աշխարհում

Մարդկանց ճանաչելու լավագույն ձևն օրերն իրար հետ անցկացնելն ու հաց կիսելն է, նույն շշից ջուր խմելն ու միասին երկար քայլելն է։ Մրսելն ու մի ծածկոցով տաքանալն է, միասին երգելն ու ծիծաղելն է։ Ինքդ քեզ մարտահրավեր նետելու, վախերդ ու կոմպլեքսներդ հաղթահարելու լավագույն ձևն էլ ուսապարկդ վերցնելն ու ինչ-որ ուղղությամբ գնալն է։

Զարմանալի ու երբեք չբացահայտվող Շուշվա աշխարհում ուսանողական ռազմական բանակումը տվեց մեզ էդպիսի հնարավորություն։

Յոթ օր Շուշվա ձորերում ու անտառներում քայլելով, առավոտյան շուտ արթնանալով ու ֆիզիկական վարժություններ անելով՝ մենք սովորեցինք հարմարվել։ Հարմարվել միջավայրին, սուղ պայմաններին, մարդկանց բնավորություններին, ինքներս մեզ։ Ու հարմարեցրինք բնությանը մեզ, ընտելացանք ու ընտելացրինք ծառերին, հողին, խոտերին, կրակին։

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնեց կոփել մեզ նաև ներսից, դարձնել ավելի պինդ ու ուժեղ։

Յոթ օրում զինվոր չես դառնա, բայց էդ օրերն օգնեցին մեզ ֆիզիկապես ու հոգեպես ավելի մոտ լինելու զինվորին։ Ինձ թվում էր, թե էդ օրերի մեր օրակարգով՝ զորամասեր այցելելով, զինատեսակներին ծանոթանալով, կրակել սովորելով, զենք քանդել-հավաքելով ու մնացած ամեն ինչով մենք ինչ-որ կերպ օգնում ենք ծառայող զինվորին։ Նայում էի զինվորների աչքերին, որոնց այդ օրերին հանդիպեցինք ու մի տեսակ կարևոր համարում մեր՝ էնտեղ լինելը։


Զորամասերում ծառայող տղերքն էնքան նվիրվածությամբ ու ուշադիր էին մեզ պատմում իրենց առօրյայի, ծառայության ու զինատեսակների մասին... իրենց ճաշարանը, ննջասենյակը, սպորտդահլիճը, շարահրապարակը՝ ամեն ինչ սեփական աչքերով տեսնելը թերևս բոլորիս օգնեց մի պահ վերարժևորել ամեն ինչ։

Որ այսուհետ ամեն առավոտ արթնանալիս մտքով հետ գնանք էնտեղ, հիշենք իրենց ու ամեն մեկս մեր գործը լավ անելով դարձնենք մեր շրջապատը՝ հետևաբար և մեր հայրենիքն ավելի լավը, հզորը, ինչպես բանակային օրերն ամփոփելիս ասում էր պարոն Վարագյանը։

Որ գիշերները փափուկ անկողնում քնելիս պատկերացնենք, թե ինչպես են քնում բաց երկնքի տակ ցրտին դիմանալով, ինչպես են մութ գիշերով դրսում հերթապահում, անտառից ցախ հավաքում՝ անտեսելով մթությունն ու վախը։

Բանակումը հենց էդպես, թեկուզ կարճ, բայց մեզ կտրեց սովորական, "տաքուկ" ու  հարմարավետ առօրյայից։ Դարձրեց ավելի մարտունակ որպես անհատ ու քաղաքացի՝ պատրաստ պահելու պապերից ժառանգած մի բուռ խաղաղությունը!


Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից