Փուչիկների բիզնեսը, երազկոտ Լիլիթն ու կյանքի օրագիրը


 Մասնագիտությամբ լրագրող, 20-ամյա Լիլիթն արդեն մեկ տարի է՝ ունի իր սեփական փոքրիկ բիզնեսը։ «Cheers baloons» փուչիկների մասնագիտացված օնլայն խանութ է ստեղծել քրոջ հետ միասին․ որոշել են մարդկանց կյանքի կարևոր տոներն էլ ավելի ուրախ ու գեղեցիկ դարձնել գունավոր և զարդարված փուչիկներով։

«Բնույթով այնպիսին եմ, որ չեմ սիրում, երբ ինձ կառավարում են, իսկ այս ոլորտում ինձ կառավարողը ես եմ։ Գրեթե միշտ երազել եմ սեփական բիզնես ունենալ։ Նախկինում ինչ- որ տարբեր տեսակի փոքր բիզնեսներ փորձել ենք վարել ես ու ընկերներս, բայց երկար չէր տևում, հիասթափվում էինք, որոշում էինք, որ եկամտաբեր չէ ու չէինք շարունակում», - անկեղծանում է Լիլիթը։
 

Պատմում է, որ մեկ տարվա ընթացքում, ինչ զբաղվում է այս գործով, տարբեր հաճախորդների հետ է շփվել։ Դա իրեն օգնել է մարդկային տեսակներ ճանաչել։ Աշխատանքի ընթացքում եղել են նաև դժգոհություններ, որոնց շնորհիվ անընդհատ աճել ու փորձել է կատարելագործվել։ Բնույթով փոքր-ինչ ալարկոտ Լիլիթն այս աշխատանքի շնորհիվ ավելի պատասխանատու է դարձել։

Ասում է՝ քրոջ հետ միասին ցանկանում է իրենց փորքիկ բիզնեսն հետագայում զարգացնել, ստեղծել միջոցառումների կազմակերպման ու դիզայնի ստուդիա։

Ինչպիսի՞ն է «ապագա Լիլիթը»․ երազկոտ աղջնակն ու նրա օրագիրը

«Եթե կարևոր գործեր չեմ ունենում, առավոտս սկսվում է կեսօրին։ Ինչ խոսք, քնկոտ եմ մի քիչ։ Բայց դա կախված է նաև եղանակից։ Ամռանը սիրում եմ վաղ արթնանալ ու վազել։ Հետո նոթատետրումս ինչ-որ գրառումներ եմ անում, կազմում օրվա անելիքներիս ցուցակը»։ 

Լիլիթը երազկոտ է, չի սիրում օրով ապրող մարդկանց։ Ինչպես ինքն է նշում, 12 տարեկան երեխայի նման շարունակում է օրագիր պահել․ «Ըստ իս երազանքները սեփական հնարավորությունից վեր գտնվող ինչ-որ բան անելու կամ ունենալու ձգտումն են: Ուժեղ ես զգում քեզ այն դեպքում, երբ երազանքդ նպատակ է դառնում»:

Ասում է՝ ապագա Լիլիթն ավելի ուժեղ, ոչ ալարկոտ ու բավականաչափ զբաղված մարդ է․ «Նա ունի իր սեփական գործն ու համատեղում է ընտանիքի հետ։ Նա միշտ զբաղված է (հեղ․-ծիծաղում է ), զբաղված մարդկանց շատ-շատ եմ սիրում։ Նրանք են ինձ մոտիվացնում։ Երբ կողքիս նստած մեկը ինչ-որ հետաքրքիր բանով է զբաղված, ես սկսում եմ մոտիվացվել ու տուն գնալուն պես գործերս ավելի արագ եմ անում»:

Խենթությունների քաղաք Ամստերդամն ու «կոմֆորտ զոնայից» դուրս Լիլիթը 


Լրագրության ֆակուլտետում սովորելու ընթացքում հասկացել է, որ իրեն ավելի հոգեհարազատ է «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությունը (PR), այժմ էլ տարբեր էջեր է վարում սոցիալական հարթակներում, պարբերաբար մասնակցում է մարքետինգային դասընթացների, լսում է անձի աճի թեմայով աուդիոգրքեր։ Դա նույնպես մոտիվացիա է իր համար։ Վերջերս էլ սկսել է լուսանկարչությամբ զբաղվել:

«Լինում են դեպքեր, երբ ես չեմ կարողանում դուրս գալ իմ «կոմֆորտ զոնայից», ալարկոտությունն ինձ շատ է խանգարում։ Երբեմն նույնիսկ նեղվելով ստիպում եմ ինձ տվյալ գործն անել ու հասկանում եմ, որ ընթացքում մոտիվացիաս էլ է ավելանում»: 

Բնավորությամբ նեղացկոտ Լիլիթն իր բնույթի մեջ ծայրահեղություն է նկատում․ «Կամ շատ ուրախ եմ, աշխույժ ու ջերմ կամ էլ սառն եմ ու երբեմն կարող եմ կոպիտ թվալ։ Բոլոր դեպքերում էմոցիաներս արտահայտում եմ»։

Միաժամանակ և՛ պարզ ու բաց մարդ է, և՛ ինքնամփոփ ու փակ։ Սոցիալական ցանցերում այդքան ակտիվ չէ, չի սիրում, երբ մարդիկ կարծիք արտահայտող գրառումներ են տեղադրում․ «Կարծում եմ՝ այն, ինչ մտածում եմ, իմն է ու ոչ հասարակությանը։ Ինստագրամն էլ այն միակ սոցիալական ցանցն է, որտեղ ակտիվ եմ, որովհետև ինձ հետևում են այն 216 մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, նկարներս էլ ինչ- որ չափով արտահայտում են իմ ճաշակը, առօրյան, բայց շուտով էլ ավելի ակտիվ կլինեմ, որովհետև հետաքրքիր մտքեր ունեմ սոցցանցերի հետ կապված»: 

Եթե երբևէ երկրից գնալու հնարավորություն լինի, Լիլիթի համար դա ժամանակավոր բնույթ կկրի։ Ճամփորդությունն, իր կարծիքով, մարդկանց ավելի զարգացնելու և այլ մշակույթներ բացահայտելու, հաճույք ստանալու միջոց է։

«Կցանկանայի գնալ Ամստերդամ. երիտասարդ մարդկանց քաղաք է իմ կարծիքով, ու ինչ խենթություն ասես չէի անի այնտեղ»։ 

Լիլիթի շրջապատում պարզ ու հետաքրքրասեր մարդիկ են։ Ասում է՝ սիրում է այն մարդկանց, ովքեր բոլորի համար չեն․ «Ծանր, բայց միևնույն ժամանակ պարզ ու անկեղծ մարդիկ են իմ ընկերները, ու իմ ընկերական շփումներից դուրս են էգոիզմի բարձր մակարդակով ու կեղծավոր մարդիկ։ Ինձ կառավարողներին չեմ սիրում, եթե նկատեմ, որ ընկերներիցս մեկը փորձում է ինձ կառավարել կամ սեփական անձը բոլոր դեպքերում միշտ կարևորել, կդադարացնեմ շփումս»: 

Դե իսկ վերջում Լիլիթն առաջարկում է լսել Sia-ի և Ed Sheeren-ի երգերը՝ օրվա լավ տրամադրությունն ու թեթևությունն ապահովելու համար:

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից