Դարչինով սուրճը, էսթետիկան ու ամերիկյան երազանքը



Դարչինով սուրճի սիրահար, «էսթետիկ» ու հավասարակշռված Նելլի Ջերմանոտտան է, ում ամերիկյան երազանքը գտնվում է հեռավոր Գերմանիայում։ Նրա հետ քայլելիս ու զրուցելիս թերևս ամենաագրեսիվ մարդն էլ անասելի թեթևություն կզգա։ Սոցիալական ցանցերում իր անձնական էջերից սկսած՝ ներդաշնակությունն ու կարգուկանոնը զգացնել են տալիս։  

Ամերիկյան երազանքը

Նելլին այն երիտասարդներից է, ովքեր համարձակորեն բարձրաձայնում են, որ իրենց ամերիկյան երազանքը դրսում են փնտրում։ Նա բազում ծրագրերի է մասնակցել՝ լինելով աշխարհի տարբեր երկրներում՝ Չեխիա, Ռումինիա, Գերմանիա, Ավստրիա, Թուրքիա, Վրաստան։

«Մեկնել Գերմանիա, կրթությունս շարունակել այնտեղ, ունենալ սեփական անկյունս՝ թող դա լինի մեկ սենյականոց փոքրիկ բնակարան, ունենալ աշխատանք ու վայելել կյանքն այդ երկրում», -ահա թե ինչ է ուզում 20-ամյա ուսանողուհին։

Նելլիի համար կյանքում կան երեք տարբեր աշխարհներ՝ Եվրոպա, Ամերիկա և Հայաստան։ «Որովհետև Հայաստանն այդ երկուսից որոշակի արժեքներ է վերցրել, միքսել իր ավանդականի հետ, բայց այդ միքսը լավ չի ստացվել, նույնն է, որ ջրի մեջ ձեթ լցնես և սպասես՝ տարալուծվի։ Մենք չենք ինտեգրվում իրենց հասարակություն, իրենց արժեքներն էլ չեն ինտեգրվում մեր կյանք»։  


Նելլին իր ամերիկյան երազանքի մասին այդքան էլ հաճախ չի բարձրաձայնում, բայց խոստովանում է՝ հայկական միջավայրում իրեն իր ափսեում չի զգում․ «Գուցե շատերն ինձ լսելով անվանեն ազգի դավաճան (ծիծաղում է, -հեղ.), բայց իմ կարծիքով առավել կարևորն այն է, որ երբեք չուրանաս, որ հայ ես, որ արմատներդ Հայաստանում են։ Եվ հետո ոնց էլ չլինի, մտածելակերպդ ու բնավորությանդ ինչ-ինչ գծեր միշտ էլ ցույց կտան հայ լինելուդ մասին», -անկեղծանում է Նելլին։

«Ամերիկյան երազանք» հասկացության մեջ էլ ամփոփում է իր բոլոր նպատակներն ու ձգտումները։ Ասում է՝ բնավ էլ պարտադիր չէ, որ այն միայն Ամերիկայի հետ կապված լինի։

Համաստեղությամբ՝ կշեռք, մասնագիտությամբ՝ լրագրող, մյուս կեսով՝ երգչուհի

Սիրում է ամեն ինչում հավասարակշռվածությունը․ «Կշեռքներն, ասում են, որ շատ չկողմնորոշված են։ Իրականում դա ինձ մոտ արտահայտվել է մասնագիտություն ընտրելու հարցում՝ լրագրող թե՞ երգչուհի։ Ու ես մինչ այժմ էլ չեմ կատարել այդ երկուսի միջև ընտրություն»,-պատմում է Նելլին՝ խմելով իր դարչինով սուրճը։

Ութ տարի դասական վոկալի է գնացել, բայց միաժամանակ երգել է նաև փոփ ժանրում։ Հիմա ուզում է ավելի շատ կենտրոնանալ հենց փոփ երգելու վրա։ Լրագրության ֆակուլտետում սովորելով՝ հասկացել է, որ լրագրողը լռությունը կոտրող մարդ է։

«Հաճախ կարող է պատահել՝ գնաս քեզ բոլորովին անծանոթ վայր առաջին ու գուցե վերջին անգամ, ծանոթանաս ու խոսես մարդկանց հետ առաջին ու վերջին անգամ։ Այդ փոփոխություններն են, որ ինձ դուր են գալիս լրագրության մեջ։ Իսկ ես ատում եմ միօրինակությունը։ Անգամ իմ սենյակում անընդհատ փոփոխություններ եմ անում, որ չհոգնեմ»։

Թե ինչպես է սկսվում Նելլիի առավոտը. մեդիտացիան ու յութուբը

«Հմմմ...զարթուցիչի ձայնից։ Ես միշտ իմ ամենասիրելի երգերից մեկն եմ դնում, որ հաճելի լինի արթնանալու գործընթացը։ Չնայած շատերն ասում են՝ պետք է այնպիսի երգ դնել, որի ձայնից ստիպված արագ արթնանաս, բայց ես համաձայն չեմ։

Սիրում եմ երբեմն շուտ արթնանալ, երբ ողջ աշխարհը դեռ քնած է, դու ես ու ներքին աշխարհդ, փողոցում չկա աղմուկ, տանը՝ նույնպես։ Այ հենց այդ ժամանակ մեդիտացիա եմ անում, ինքս ինձ ոգեշնչում ու մոտիվացնում»։

Ինքն իր հետ ներդաշնակ Նելլին սիրում է իրեն երես տալ. երբ նախաճաշ է պատրաստում, դա անում է դանդաղ ու հաճույքով, այնպես, որ շուրջն ամեն ինչ գեղեցիկ լինի ու տրամադրող։ Ծիծաղելով խոստովանում է, որ հաճախ այդ գործընթացն այնքան է երկարում, որ տանը բոլորն ուտում, վերջացնում են, իսկ ինքը դեռ պատրաստում է։

«Թուլությունս... յութուբյան վլոգերների հոլովակներն են։ Հնարավոր է ՝ առավոտյան աչքերս բացեմ, վերցնեմ հեռախոսս ու ինչ-որ վլոգերի հոլովակ սկսեմ դիտել։

Կարևորում եմ... էսթետիկան։ Իմ կյանքը փորձում եմ շատ էսթետիկ դարձնել։ Ես անգամ բաժակների հավաքածու ունեմ, սիրում եմ ինչ-որ բան խմելիս շատ սիրուն բաժակով խմել»։

Ի՞նչ կապ ունի իր՝ Ջերմանոտտա ազգանունը Լեդի Գագայի հետ

Լեդի Գագան Նելլի Ջերմանոտտայի տարերքն է։ Այս գարնանն էլ տոնելու է, ինչպես ինքն է ասում, իր և Լեդի Գագայի տասնամյակը։

«2008 թվականից սկսեցի լսել ու սիրել Գագայի երգերը։ Սկզբում միայն երգերն էի լսում, դեռ չգիտեի՝ ինչպիսի արտաքին ունի, բայց պատկերացնում էի շիկահեր ու գեղեցիկ արտաքինով աղջիկ։ Մի օր էլ պատահական հեռուստացույցով տեսա իրեն, ու պարզվեց՝ միայն մազերի գույնն էի ճիշտ գուշակել։ Շատ էի զարմացել նրա տարօրինակ արտաքինը տեսնելով»։


Ու այդպես Նելլին աստիճանաբար սկսում է ավելի շատ ինֆորմացիա փնտրել այդ երգչուհու մասին, կարդալ նրա կենսագրությունը, անգիր սովորել նրա բոլոր երգերի բառերը։ Ասում է՝ տանն անգամ Գագայի մասին երեք հաստափոր գրքեր ունի, որոնք բոլորը կարդացել է։

Իսկ թե ինչն է կապում Ջերմանոտտա ազգանունը Գագայի հետ, ամենահետաքրքիրն ու զարմանալին է՝ մանավանդ այն մարդկանց համար, ովքեր վաղուց ճանաչում են Նելլիին։

«2012 թվականն էր, որ որոշեցի վերցնել Գագայի իսկական ազգանունը՝ Ջերմանոտտան և օնլայն տիրույթում այդպես ներկայանալ։ Ու մինչ օրս էլ իմ համակուրսեցիներից ու ընկերներից շատերը մտածում են, թե դա իմ իսկական ազգանունն է, կամ որ ավելի վատ է՝ կապ ունի Գերմանիայի հետ», -անկեղծ ծիծաղով պատմում է Նելլին, վերցնում իր գունավոր նախշերով բաժակն ու լցնում դարչինով սուրճը... 

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից