Փոփոխությանն ընդառաջ

Մի անգամ ընկերուհիներիցս մեկը առաջարկել էր ինձ կարդալ Սպենսեր Ջոնսոնի <<Ու՞ր է իմ պանիրը>> գիրքը, որը պատմում է շարունակ կատարվող փոփոխությունների և մեր՝ դրանց նկատմամբ ունեցած անհասկանալի վախի մասին: Մի շնչով կարդացի: Իրականում այնքան էլ մեծ ծավալի գիրք չի, սակայն այնքան շատ է հաղորդած նյութը, որ լավ ըմբռնելու, դետալները հասկանալու համար պետք է մի քանի անգամ կարդալ: Ու կարդալ հենց այն ժամանակ, երբ թվում է՝ խճճվել եք ձեր գործերում: Գիրքը ամեն ինչ ներկայացնում է այլաբանորեն, ավելի շատ փոխաբերական իմաստներով: Բայց ես հիմա գիրքը չէ, որ ուզում եմ պատմել, այլ այն, թե ինչքան են մեզ <<նեղում>> ամենօրյա թեկուզ ամենաչնչին թվացող փոփոխությունները: Որովհետև մենք երբեք մեզ չենք պատկերացնում այլ իրավիճակում: Ավելի ճիշտ պատկերացնում ենք, բայց հարմարավետ չենք զգում: Մենք չենք ուզում դուրս գալ մեր գծած սահմաններից: Չենք ուզում անգամ մտածել դրա մասին, որովհետև դա արդեն իսկ մեզ նյարդայնացնում է: Մենք աշխատում ենք, բայց բողոքում մեր սպասված արդյունքների չարդանալուց: Ու եթե հանկարծ ինչ-որ փոփոխություն է լինում, որը հնարավորություն է տալիս դուրս գալ մեր հարմարավետության շրջանակներից ու հայտնվել կամ ավելի ճիշտ կլինի ասել ստեղծել մեզ համար ավելի լավ տարբերակ կամ միջավայր, մենք վախենում ենք ու հրաժարվում: Մեզ դուր չի գալիս ամեն օր ճխլվելով խցկվել ավտոբուսների մեջ ու կես ժամ էդպես ողնաշարը ծռելով կանգնած մնալ, բայց մենք, միևնույն է, չենք ուզում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, որովհետև այդպես արդեն սովորել ենք: Մեզ դուր չի գալիս, երբ աշխատում ենք լարված մթնոլորտում, ոչ բարյացակամ կոլեգաների հետ ու հետն էլ աշխատավարձը մի բան չի, բայց մենք չենք ուզում հրաժարվել դրանից, որովհետև արդեն հարմարվել ենք, սովորել ենք: Ինչու՞ մեզ ավելորդ տեղը նեղություն տանք ու նոր աշխատանք փնտրենք, կամ տուն գնալու ճանապարհը հանկարծ փոխվի: Կյանքում նաև էնպիսի իրավիճակներ են լինում, որ ուզես-չուզես քեզ առջևում շատ փոփոխություններ են սպասվում: Ու միայն դա պատկերացնելիս սարսափում ես: Քեզ թվում է, թե լաբիրինթոսի մեջ ես ընկել, թե չես կարողանալու նորից հարմարվել, ստեղծել քեզ ծանոթ մթնոլորտ, որ եթե անգամ սրտովդ էլ չլինի, մեկ է, դու արդեն սովորած կլինես և ուշադրությունդ չես կենտրոնացնի դրա վրա: Ու այ այսպիսի վիճակից մենք սկսում ենք անիմաստ անհանգստանալ, երբ ուղղակի կարելի է ուրախանալ: Այո՛, ուրախանալ, որ մեր կյանքում ինչ-որ փոփոխություն է լինելու, որ մենք ստիպված չենք լինելու ռոբոտ լինել ու ամեն օր կատարել նույն ավտոմատացված գործողությունները: ՈՒ վայելել: Վայելել պահը: Վայելել հենց այն պահը, երբ մենք հնից ոտք ենք դնում նորը, երբ նույնից տեղափոխվում ենք տարբեր, սովորականից՝ անսովոր, անհետաքրքիրից՝ հետաքրքիր: Մենք մոռանում ենք անել այդ ամենը: Մենք մոռանում ենք, որ հենց փոփոխությունն է կյանքն ավելի իմաստալից ու լի դարձնում: Դրա համար էլ խուսափում ենք դրանից: Դրա համար, երբ հանկարծ կսկսենք բողոքել անհետաքրքիրից ու նույնությունից, փոխարենը պետք է նկատել այդ թեկուզ մանր փոփոխությունները ու թույլ տալ, որ դրանք մուտք գործեն մեր կյանք: Չվախենանք դրանցից, ալ ընդունենք դրանք իբրև սովորական երևույթ: Չփորձենք պլանավորել մեր գործողությունները, ժեստերը, այլ թողնենք ամեն ինչ իր հունով գնա: Որովհետև հենց դրանում է կյանքի հետաքրքրությունն ու արտասովորությունը:

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից