մոնոլոգ

ուզում ես հետ բերել պահերն ու կանգնեցնել ընդմիշտ, որովհետև մենակ դրանք անցնելուց հետո ես կարևորում, եկել ես էն մտքին, որ մեր կյանքը ձևավորում են հենց էդ պահերը, դրանցում ենք մենք գտնում մեր իրական եսին, դրանցում մենք մենք ենք, առանց ձևերի ու դիմակների։

քո տեքստերի մեջ մարդկանց ես ապրեցնում, որոնք իրականում քո հետ կապ չունեն, դե երևի անզորությունն ա խոսում. դու զորեղ ես միայն քո մտքերում, տեքստերում, իսկ իրականում միշտ սպասում ես բախտի տված պահերին, հանգամանքներին, հնարավորություններին, ամեն ինչին, բացի սեփական գործողություններից։ Այսինքն ստացվում ա, որ դու ձեռքերդ լվացել ես քո կյանքում ինչ-որ բան փոխելուց։ ...էդ պահերը, որոնք էնքան երկար են, երբ դրա մեջ ես ու էնքան կարճ, երբ հետ ես նայում։ ու ամեն անգամ դրանք վերապրելուց թվում ա, թե կորցնում ես իրանց արժեքը, էժանացնում անընդհատ հիշելով, բայց հակառակն էլ չի լինի։

քեզ պետք ա գրկեն, հանգստացնեն, տաք թեյ տան, որ խաղաղվես։ դու քեզ պարտվում ես, որովհետև էդպես էլ չես սովորում էս կյանքը։

պետք ա բաց թողնել բոլոր պահերը, պետք ա չճնշել, չխեղդել անընդհատ հիշողության կծիկում պահելով։

պատումներիդ հերոսներին կանչի միասին ճաշելու, գուցե թեթևանաս, գուցե օդում բառեր պտտվեն ու ձեզ մտերմացնեն ու գուցե դու դադարես լացել, որ, օրինակ, աշխատանքից ուշացել ես կամ պայմանավորվածություններդ չեղարկվել են։

գիշերը միշտ ինչ-որ կախարդական հույսեր ա բերում, որոնք առավոտն էլի մեռնում են, ու դու շարունակում ես նույն փակ շղթայի մեջ պտտվել։

դու անգիր գիտես էս պրոցեսը, դետալ առ դետալ, որը չի փոխվում, որովհետև դու չգիտես ոնց փոխել։ նայում ես շուրջդ գտնվող մարդկանց ու քեզ թվում ա թե էդ փակ շղթայի մեջ մենակ դու ես։ դու ունես ազատություն, բայց էդ շղթայից էդպես էլ դուրս գալ չես կարողանում։

դու ուզում ես քամին գրկած վազել ավազների վրայով, բայց ավազները փախչում են ոտքերիդ տակից, քամին քեզ բաց ա թողնում, որովհետև քամին ազատություն ա սիրում. քամին հենց ազատությունն ա։ 

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից