Չշրջված բուրգ

զգում ե՞ս կյանքդ ոնց ա պարզաջրվում, երբ ուղղակի որոշում ես կայացնում սեփական վեկտորներիդ համար։ հա, թվում ա շատ հեշտ ու պարզ ա, բայց մարդիկ տարիներով կոմֆորտ զոնայում են ապրում, մարդիկ թողնում են, որ իրանց վախերը հաղթի ցանկություններին։

երբեք չեմ ունեցել էս մտքերը, երբեք չեմ զգացել իրանց գիտակցելու կարևորությունը, նախկինում երբեք չեմ մտածել, որ իմ համար ինչ-որ անկապ կոմֆորտ զոնա եմ ստեղծել, որտեղ ես միշտ ճիշտ եմ, չեմ սխալվում, որտեղ ինձ հեշտ ա, որտեղ չեմ վախենում, բայց որտեղ ես երջանիկ չեմ։ էդ կոմֆորտն ինձ սպանում էր։

ու տևեց էնքան մինչև ես զգացի, որ էլ վերջ, հերիք ա, էլ տեղ չկա, շատ ա կոմֆորտ ու էդ ինձ նեղում ա, ես ուզում եմ լինի մի քիչ դժվար, մի քիչ վախենալու, մի քիչ նենց, որ սիրտդ արագ աշխատի, ինքդ քո հետ կռիվ տաս, բոլորի հետ կռիվ տաս, աճես, զգաս ռիթմը ցանկացած փոփոխության... էնքան հավես ա ու էնքան թքած

չեմ ուզում ինձ խմբագրել հիմա, որովհետև եթե խմբագրեմ, կհանեմ լիքը բառեր ու մտքեր, որ լինի դասական ու "ճիշտ", բայց ում ա՞ պետք, ինչի՞ համար։ Շրջված բուրգի կանոններով լուրերի պե՞ս, որոնցից բոլոոոորը զզվել են, քանի որ անգիր գիտենք, որ վերջում միշտ մշակութային նորություններն են՝ իբր պակաս կարևոր...

իսկ ի՞նչ, եթե ուղղակի չառաջնորդվենք արդեն հազար տարի հայտնի ու բոլորին ընդունելի կանոններով... թե գործում, թե կյանքում. ի՞նչ։

զգում ե՞ս ինչքան սահմանափակ ես, եթե դու էլ չէ, ապա գոնե քո շրջապատի մի զգալի հատվածը ու էդ ստեղծում ա համընդհանուր ճնշող մթնոլորտ, էդ ստիպում ա խնդալ մի քիչ համարձակ ու ծուռ մտածողների վրա։

կարդինալ փոփոխություններին երկար ես պատրաստվում, բայց դրանք գալիս են միանգամից ու հանկարծակի, ավելի ճիշտ, դու ես դրանց գալիս, երբ զգում ես, որ դու ես քո կյանքի գծագրողն ու լրագրողը։

ամենօրյա սիրահարվածությունների արանքում մի քիչ տեղ ես պահում ինքդ քո համար, ինքդ քեզ սիրելու համար ու մեկ էլ զգում ես, որ սկսել ես բաժակների հետ պարզաջրել նաև մտքերդ ու գործողություններդ, թափթփված սենյակը հավաքելու հետ քեզ էլ ես բռիդ մեջ հավաքել, աղբի հետ վախերդ էլ ես թափել. ու...ու ազատ ես, որովհետև էն, ինչը քեզ սահմանափակում էր, իրականում ոչ թե շրջապատը, մարդիկ, հնարավորությունները, բաժակներն ու փակված դռներն էին, այլ դու, հենց դու ու քո շրջված բուրգը։

ուղղակի պետք ա մի քիչ ավելի շատ սիրել, որ կարողանաս պարզաջրվել։ հա, հա, սիրի, որ պարզաջրվես, ու հեչ կապ չունի ինչ կամ ում, ուղղակի թող մեջդ շատ սեր լինի ատելության ու զզվանքի փոխարեն, անտարբերության ու հիասթափության փոխարեն, դրանից մի քիչ կմաքրվենք, կմաքրվի մեր շուրջը. սոցիալական ցանցերից մինչև խոհանոց ու բակի բիսետկաներ։ 


Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից