արի լսենք մետալիկա

Մարգարյանն ասում ա՝ իրական պրոֆեսիոնալիզմն էն ա, որ քեզ թույլ ա տալիս լինել մի քիչ ցինիկ ու լկստված

առողջ ցինիզմը քեզ թևեր ա տալիս, էս խոսքերն էլ ինձ 

...մարդը նստած ա ու մի 40 րոպե քեզ ա լսում, հասկանու՞մ ես, իսկ ժամանակը էսօր թվեր արժի։ Էդ առուծախի մեջ էնքան կարևոր ա, որ քեզ լսում են, որ քո ասածները չեն ընկալում անլուրջ, քեզ չեն ընկալում էրեխա։ 

գալիս եմ տուն՝ ճանապարհին երկար մտածելով, թե ինչքան ճիշտ մարդիկ են ինձ հանդիպում ու ինչքան ճիշտ ժամանակին, երևի իրանք էլ չեն պատկերացնում 

- շոու ես ուզում անե՞լ
- հա
- կարևոր ա, որ դու որոշես ու իմանաս՝ ինչ ես ուզում...հիշի՝ դու ես որոշում 

... երկար փնտրելուց հետո ուղղակի ստոպ ես տալիս ու սկսում կայֆ ստանալ էն թվացյալ դադարից, երբ դու ուղղակի հիմա ես ու ներկա, դու սիրում ես քեզ, գրկում ես քո կիսատություններն ու թերությունները, թքում ես բոլոր էն երևույթների վրա, որոնք կոնկրետ դուր չեն գալիս, ազատ թողնում բոլորին 

հա, առողջ պոֆիգիզմն էլ ա լավ 

ամեն ինչի մասին էլ կարելի ա խոսել, կարևոր ա, թե ոնց կփաթեթավորես. ձայնիդ տոնայնությունը, ստորակետն ու կետը, հարցականը... 

երբ բոլորն իրանց էնքան շատ են կարևորում, երբ իրանց էգոն ուղղակի տրաքում ա էն շշի պես, որի մեջ եռման ջուր ա լցրած, դու անկյունի վրա հիանում ես ինքնաբավ մարդկանցով, որոնց պագոնները չեն ընկնում դիմացինին կոմպլիմենտ անելուց, անգամ եթե դուք նույն սեռի ներկայացուցիչ եք

...գրկի ինձ, ես կարդուկեմ ճմրթված հագուստդ։ Ու երաժշտությունը բարձրացրու. ուզում եմ խլանալ շրջապատող աղմուկի նկատմամբ, չլսեմ իրանց բամբասանքը, չնկատեմ սեփական խեղճությունից ուռած աչքերը, որոնցով ոտից գլուխ չափում են անցորդներին, չնկատեմ ջղաձգված վարորդին, որ նստած ուղևորների ներկայությամբ ինքն իրեն ա նկարագրում հայհոյանքի տեսքով, չիմանամ, որ ներկա տղամարդ-ուղևորներն էլ «գլուխ չեն դնում» հետը ու նեղություն չեն քաշում ասել՝ ընգեր ջան, ներողություն խնդրի կանանցից ոսկեղենիկ հայերենիդ համար...չէ, չէ, նորմալ ա, կարևորն իրանց կնիկն էդ ավտոբուսում չի։ 

գրկի ինձ, ես մոռանամ իրանց, չհիշեմ, որ մենք ազգովի դժբախտ ենք, որովհետև դժբախտ ենք նաև անհատապես, որ մեզ միշտ ասել են, որ ամոթ ա լինել երջանիկ բոլորի աչքի առաջ, ամոթ ա, սուս, հարևանը չիմանա, որ դու լավ ես ապրում, սովից չես սատկում ու երջանիկ ես, կիրակի օրերին էլ գիտե՞ս՝ քաղաքից դուրս ես գնում ընտանիքով...ամոթ ա, պետք ա լացել, միշտ պետքա լացել, մենակով, ազգովի, մենք բոլորս զոհ ենք, մենք ցեղասպանված ենք, մեզ մորթել են ու միշտ են մորթելու, որովհետև մենք մազոխիստ ենք ու սիրում ենք լինել զոհի կարգավիճակում։ 

մենք սիրում ենք, երբ մեզ խաբում են ու շարունակում ենք աստվածացնել մարդ արարածին, որն իր վրա լիքը մեղքեր ունի, մենք հարիֆ ենք, մեզ տեղն ա, մենք ընտրազանգված չենք, մենք զանգված ենք, որ չունի կշիռ 

ինձ թույլ եմ տվել մոռանալ էդ ամենը ու սիրել. կյանքը, ինձ, քեզ, ճմրթված շապիկը, արդուկելը: չնայած մոռանալը հարաբերական ա, կարելի ա առնվազն շեղել քեզ ժամանակավոր։ պետք ա սովորել հասարակ բաներն ավելի շատ սիրել, քան ազգային խեղճությունը: բայց մենք հասարակ չենք, մենք համարձակվել ենք թքել կեղծ կոկետության վրա ու ճմրթված շապիկով դուրս գալ փողոց, համարձակվել ենք լինել ցինիկ ու լկստված։ 

էդ խեղճությունից ճկռած լինելուց ա երևի, որ մեկիկ մեկիկ փորձում են առյուծ կտրել՝ տրանսպորտում, փողոցում, ֆեյսբուքում, կանգառում, մեքենայի ղեկին...ամենուր, բայց ոչ էնտեղ, որտեղ պետք ա 

ինձ շրջապատող աշխարհը հեչ նման չի  ամերիկյան կինոներին, բայց ես արհեստականորեն շուրջս կառուցում եմ տենց իրականություն։ Կինոթատրոնի բացօթյա դահլիճը լիքն ա իմ պես ջահելներով, որոնք մնացել են թինեյջըրական հույզերի տակ։ Ծուխ ա ու մութ, բոլորը պարում են, անջատված, բիթ, մի քանի հոգի, որոնք թքել են մնացածի գրված կանոնների վրա ու պատմում են կատվի մասին, որ միշտ գտնում ա իր բաժին մուկը։

...ներքին տագնապից հիմա քրտնում եմ ու մրսում, պետք ա ամեն օր մի հիմար քայլ անել, բայց չխեղդվել էդ ճշտության մեջ: ավելի երջանիկ ես, երբ սխալ ես...չնայած ով ա որոշում սխալի ու ճիշտի սահմանը՝ չգիտեմ։

տենց էլ չսիրեցի արձակուրդներն ու շաբաթ-կիրակիները։ կուզեի միշտ լիներ երկուշաբթի, մենակ թե ոչ ուիքենդ։ կիրակիներին ստիպված եմ մնալ իմ ստվերի հետ, ստիպված եմ ինձ լավ ճանաչել, իսկ էդ հավատացեք ցավոտ ու անհետաքրքիր պրոցես ա... արի միացնեմ մետալիկա, լսենք միասին ու մոռանանք բոլոր ուիքենդները, արձակուրդները, տրանսպորտի վարորդներին, ջղաձգված ու հերթ չպահող կանանց, կին վարորդներին չզիջելու հաշվին ինքնահաստատվող տղամարդկանց, իր նմանին աստվածացնող Ազգուշ տյոտյային, արդուկը, շապիկը... ես չեմ լինի հեզ, բայց կլինեմ ես՝ առանց փակագծերի, տողատակերի ու չակերտների։ կլինեմ իսկական, առանց ֆիլտր. ինչպիսին որ աղջիկները սովորաբար չեն սիրում լինել։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից