Բարև, Սլավ

 


Բարև, Սլավ ... վաղուց չենք խոսել։ Ո՞նց ես։ Ժպտում ե՞ս։

... Հիմա որ ինձ պատահաբար փողոցում տեսնեիր քեզ հատուկ ինտոնացիայով երևի կասեիր՝ «Աննա՞... ոնց են գործերդ... դուխդ տեղը պահի հա՜, չխեղճանաս հանկարծ, քո դիրքը կդնես...»

(նկատի ուներ աշխատանքի ընդունվելիս)

իսկ ես կծիծաղեի ու կասեի՝ «վաաայ, Սլաավ, բայց դու ինչն ե՜ս։Ճ»

...Քեզ փողոցում էլ չենք տեսնի։ էլ միասին չենք քննարկի ամբողջ լրատվադաշտն ու չենք բողոքի առկա խնդիրներից։

Միջանկյալ քննություններին միշտ գալիս էիր ինքնավստահ ու շատ հանգիստ. «մի բան կխոսանք էլի, մտածում ե՞ք...»,- ասում էիր բոլորին։

Սլավ, դու միշտ քո մասնագիտական որակներն ու ժամանակը շատ բարձր էիր գնահատում, մեզ էլ խորհուրդ էիր տալիս նույնն անել։ 

Հիշում եմ՝ 3-րդ կուրսում էինք, երկուսս էլ միաժամանակ գնացել էինք լրատվական կայքերից մեկում աշխատանքի ընդունվելու. հոդված էիր գրել, կրճատել էին... վրդովվել էիր, թե ես էդքան ժամանակ ու ռեսուրս եմ ծախսել, դուք իմ հոդվածի կարևոր մասերը կրճատում ե՞ք։ Դուրս եկար։ 

...Երբեք չէիր զլանում մեզ՝ կուրսի աղջիկներին կոմպլիմենտներ անելիս։ Գեղեցիկը միշտ գնահատում էիր, Սլավ։ 

Վերջին անգամ քեզ տեսել եմ դիպլոմների հանձնման օրը՝ ուրախ էիր։ բայց քիչ խոսեցինք թարսի պես էդ օրը. խառն էինք բոլորս։ 

Դրանից մի քանի օր առաջ էլ ընկեր Պետրոսյանի սենյակում էինք, ասեցիր, որ էլի ինչ-որ TV ես դիմել, էնտեղ պետքա գնաս, սպասում ես պատասխանի ...

ասեցի՝ Սլա՛վ, մի սպասի, գրի, զանգի էնքան, որ քեզ կանչեն։

- հա՞ որ 
- հա, հա, բա ի՞նչ։

...Սլավ, ձայնդ ականջներիս մեջ ա, գիտե՞ս 

չես գալո՞ւ 

ամբողջ կուրսով սպասում ենք էէ

Սլավ, խոստանում ենք՝ «ոտքներս գազից չենք իջացնի», ոնց գրել էիր արդեն բանակից, ... ինչ էլ լինի, բոլոր հարցերում, միշտ առաջ ենք գնալու ... որովհետև հիմա դա ոչ թե զուտ ոգեշնչող խոսք ա, այլ պարտք... պարտք՝ քո ու բոլոր հերոս տղաների առաջ։



Սլավա Բադալյանը մասնագիտությամբ լրագրող էր։ 2019 թվականին ավարտելով համալսարանը զորակոչվեց բանակ։ Մասնակցեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմին... հոկտեմբերի 2-ին իմացանք, որ Սլավան Հադրութում թշնամու դեմ կռվելիս հերոսաբար զոհվել է։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից