Եսիմ, է


Որոշեցի քաղաքի անտանելի շոգից հանկարծակի ու միանգամից փախչել։ Ինչ-որ բանից փախչելու միտքը միշտ ինձ հետ է։ Չգիտես ինչի միշտ թվում է, թե ուրիշ տեղ գնալով ուրիշ կլինեն նաև մտքերս, գործողություններս, սովորություններս։ Բայց չէ։

Ես մի տեսակ հանդուրժող եմ դարձել շրջապատի բացասական էներգիայի ու ֆշշացող հայացքների հանդեպ։ Երևի դրանից էլ ներսումս ներդաշնակությունը խաթարվում է, շոգն էլ մի կողմից։

Համեստություն չէ, այլ երևի պարզապես մտածում եմ, որ չարժե ուշադրություն դարձնել մանրուքների վրա։ Դրանք փոքրիկ բարիերներ են, որ պետք ա հաղթահարես միշտ։ Ու լուռ։

Անտանելի ա դառնում էդ լռությունը։ Չեմ սիրում լուռ մարդկանց։ Չեմ սիրում լուռ մտքեր։ Լուռ երազանք։ Լուռ սեր։ Չեմ սիրում։

Հա երբեմն պետք ա ուղղակի վեր կենալ ու գնալ հեռու էդ աղմուկից, իրար գզվրտող ու երթուղայինում գոռգռացող կանանցից, ծխող վարորդներից, հերթը խախտող ու անհանդուրժող մարդկանցից, իրենց երևակայող, տնօրենի հետ սուտի քփություն անող ենթականերից...ուղղակի պետք ա վեր կենալ ու գնալ՝ թեկուզ մի քանի օրով, ինքդ քո մեջ պարփակվելու, հայելու մեջ մի քիչ երկար նայելու համար։

Քաղաքի անտանելի շոգին մնաց մեկ ամիս, բայց լուրջ հարցերը ֆեյսբուքյան մակարդակով քննարկող, ստատուսային պասիլկաներ ուղարկող օգտատերերին շոգը չի էլ հուզում։

Դե էդպես հեշտ ա, դու քոնն ասեցիր, ինքը՝ իրենը։ Ու հանրությունը բավարարված ա։ Փոփոխությունն արված ա։ Թափանցիկությունն ապահովված ա։

Չէ, շոգն իսկապես վատ ա անդրադառնում մարդու վրա։ Ասում ես՝ օրենք ա խախտվել, ասում ա՝ ստից բանից պատմություն են սարքել։ Էլ թե օրենք, օրինականություն, թափանցիկություն, ո՞ւմ ա դա հետաքրքիր։

Իսկ թեմաներ կան, որոնց մասին հազար տարի էլ անցնի, հազար իշխանություն էլ փոխվի, մեկ է՝ չի կարելի խոսալ, դրանց մասին միշտ լռում են։ Լռում են, դե որովհետև "տակը մի բան կա էլի"։

Ու դու ուզում ես ոչ թե փախնել քաղաքի շոգից, այլ ուղղակի անժամանակ թոշակի անցնել, որովհետև պետք ա էդ դեպքում խղճիդ ճտտիկը անջատես ու տենց աջդ քաշած ապրես։

Իսկ տենց չես ուզում։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից