Էս քաղաքի զուգահեռները

Էս քաղաքը շատ մեծ ա իմ ու քո համար, չափազանց մեծ: Էս քաղաքում իրար գտնել չի լինում, իրար տեսնել, հայացք սահեցնել չի լինում: Մենք օտար չենք, բայց մեր ճամփաները չեն հատվում, մեր ճամփաները միշտ զուգահեռ են, ու էդ զուգահեռների միջև մի հսկա պատ կա: Էս քաղաքը մեզ չի միավորում:
Առավոտյան 6-ի արևը ինձ էլի արթնացնում ա, կանչում բաց թողած պատուհանի մոտ: Ես նայում եմ դեռևս դատարկ փողոցներին ու չեմ գտնում քեզ: Հազիվ տատանվող քամին էլ քեզ չի փոխանցում ինձանից ոչինչ: Դու էլ երևի արթնացել ես, գուցե դու էլ նայում ես պատուհանից դուրս, գուցե զգում ես էդ նույն հազիվ տատանվող քամին, բայց քո մարմնով անցնո՞ւմ է դող, սարսուռ. երևի չէ:

Էս քաղաքը մեզ հերիք չի անում, մեծ ա ու հերիք չի անում, էս քաղաքը չի սիրում մեզ: Քամին չի սիրում մեզ. մեր համար օդում բառեր չի փոխանցում, մեզ իրարից անհաղորդ ա պահում:

8:30-ին ես արդեն խոհանոցում սուրճ եմ խմում՝ զզվելով էս քաղաքի շոգից, երազում, թե երբ եմ գնալու՝ կարևոր չէ, թե ուր. հեռու, շա՜տ հեռու էս տոթից, նույնությունից, ինքս ինձնի՞ց էլ:

8:30-ին երևի դո՞ւ էլ ես սրճում, լավ չեմ հիշում՝ ծխում ես, թե՞ չէ:
Ինչևէ:

9:30 արդեն աշխատանքի եմ վազում՝ նորից նույն, դեռ չնվաճած, բայց տարիների երազած աշխատանքիս: Երևի դո՞ւ էլ: Չգիտեմ: Ես քո մասին ի՞նչ գիտեմ որ:

Դու օտար ես ինձ, օտար ես ավելի, քան էն ժամանակ, երբ դեռ անգամ չգիտեի էլ քեզ:

Էս քաղաքը սպանում ա մեզ մեր հույզերի մեջ, որովհետև տարածություն չկա, օդ չկա: Երևի նորից սկսեմ կարդալ Էկզյուպերի, որ սովորեմ նորից: Սովորեմ, թե ինչ անել, երբ քեզ ընտելացնում են: Սովորեմ, որ մի օր քեզ էլ պատմեմ էն մասին, որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է նրանց համար, ում ընտելացրել է:

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից