Մի բուռ սեր Գյումրիից:)


Արվեստոտ ու վերածնվող Գյումրին որքան հին է, նույնքան էլ՝ նոր։ Քայլում ես Գյումրու փողոցներով ու ասես ժամանակի միջով ճամփորդելիս լինես մեկ երեսուն տարով հետ ես գնում. տեսնում դոմիկներ, քանդված շենքեր, ավերականեր, մեկ էլ ոտքդ դնում ես նոր ասֆալտապատ փողոցներ. տեսնում լուսավոր ապակիներ, գունազարդ տանիքներ։

Էնտեղ մարդիկ իրենց բարբառի պես սիրուն են ու ջիգյարով։ Անծանոթն էլ իրենց դուռը թակի, կբացեն, կժպտան դեմքիդ, ներս կկանչեն, կհյուրասիրեն։ Էնտեղ ապրող մարդիկ խորը ցավ ունեն իրենց սրտում, իրենք իրենց «դարդն» առած ապրում են, բայց էլի նայում են ապագային, բայց էլի ժպտում են։

Անգամ էն երեխեքը, որ վեց-յոթ տարեկան են, նայում ես իրենց ու ինչ-որ թաքնված տխրություն տեսնում իրենց աչքերում։ Բայց Գյումրին շարունակում է վերածնվել ամեն օր, ամեն րոպե՝ իր երգի, պարի, արվեստի ողջ շնչով։




Երբ երեկ ինձ համար բացահայտում էի Գյումրու փողոցները, երբ զրուցում էի մարդկանց հետ, տպավորություն էր, որ էն ինչ գիտեի Գյումրու մասին, ինչ լսել ու կարդացել էի Սպիտակի երկրաշարժի մասին, ոչինչ չարժեր, որովհետև գրքային իրականությունը երբեք չի կարող իսկապես ցույց տալ, արտահայտել էն, ինչ զգում է մարդը։ 

Մենք բառերով ասում ենք, որ 88 թվին երկրաշարժ եղավ, որ հազարավոր մարդիկ են զոհվել, տուժել, հետո ասում ենք, որ գյումրեցին հումորով է, որ էսպես, էնպես։ Բայց հենց քայլում ես Գյումրու փողոցներով, հենց խոսում ես գյումրեցիների հետ, այ նոր ես հասկանում, թե ինչ է եղել, թե ինչպիսին են իրենք ու ինչ են զգում, մտածում։

Եթե ամեն բացվող օր մտածում ես, թե երբ ես քայլելու Նյու Յորքի փողոցներով, երբ ես ճամփորդելու ողջ Եվրոպայով մեկ, նայի՝  հենց մեր կողքին կան շատ քաղաքներ, և դրանցից մեկը Գյումրին է, որ գուցե Եվրոպա չէ, բայց շատ ավելին է, քան Եվրոպան, որովհետև էդտեղ հայկական շունչն է, էդտեղ հայի պատմությունն է։ Էնտեղ մարդիկ արցունքի միջից ամեն օր ժպտում են․․․ աշխարհին:) 

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից