Սև ուրբաթն ու բռով երջանկությունը


Սև ուրբաթներին ես կքայլեմ փողոցներով՝ փորձելով գտնել էն խանութը, ուր 50% զեղչով վաճառքի հանված կլինի մի բուռ "կատարյալ"  երջանկությունը։ Ես կփորձեմ մտքով գտնել էդ խանութը՝ հասկանալով, որ անկախ նրանից՝ ուրբաթը սև է, թե վարդագույն, իրականության մեջ երբեք չեմ գտնի նման խանութ։

Ու կշարունակեմ քայլել պրոսպեկտի՝ անձրևից թրջված ասֆալտով՝ տեսնելով կիսաբրենդային խանութները, սակայն պատկերացնելով ինձ իմ երկար փնտրած ու օդի մառախուղից հորինած խանութի կողքին։

Սև ուրբաթն ինձ չերջանկացրեց, որովհետև ես երկար փնտրեցի ու չիմացա, թե որտեղ գտնեմ իմ մի բուռ երջանկությունը 50% զեղչով։

Ախր, ով է տեսել, որ երջանկությունը զեղչով գտնես, էն էլ՝ մի բուռ երջանկությունը։) Դա էն քիչ երևույթներից ա, որ ոչ զեղչվում է, ոչ էլ առավել ևս վաճառվում։

Գրողը տանի, սև ուրբաթները նորից խաբում են մեզ։ Հավատացնում, թե եթե զգեստի պիտակի վրա 70.000 դրամը ջնջված ու 35.000 է գրված, ուրեմն այո, մենք հաջողակ ենք. չէ՞ որ բոլոր խոշոր բիզնեսմեններն ու իրենց համար աշխատող մարքետոլոգները մեր հանդեպ բարի են գտնվել։)

Իսկ իմ մի բուռ երջանկությո՞ւնը։ Ասե՛ք, որտեղ է ապրում երջանկության վաճառքով զբաղվող այդ խոշոր բիզնեսմենը։ Թերևս նա հավերժ երիտասարդ մեկն է՝ գիտի բոլոր գաղտնիքները, միշտ ժամանակի մեջ է ու ժամանակի պես։

Չկա։ Կամ կա, բայց չի երևում։ Կամ էլ ես լավ չեմ տեսնում։ Գրողը տանի։

Մետաքսե ծյուլերով շրջազգեստը 70.000-ից զեղչել են 35.000։ Այ թե բախտս բերել է, էէ)

Բայց ինչի՞ 70-ից 35։ Օրինակ կարող էր լինել 50-ից 25։ Կամ գուցե կողքի խանութում մյուս բոլոր սովորական ու ոչ սև՝ անգույն օրերին էդ նույն զգեստը եղել է 30՞.000 դրամ։

Դե ոչ, սև ուրբաթ է ախր։) Սև ուրբաթները տարին մեկ են լինում ու լինում են, որ էլի մարդիկ ինքնախաբվեն, գիտակցաբար ինքնախաբվեն, որ տանից հազար տարի դուրս չեկած տնային տնտեսուհին որոշի թողնել իր բոլոր "գործերը", մի տոննա տանալնի քսի դեմքին ու թռնի մոլերով, ուր էդ օրը ասեղ գցելու տեղ չկա։ Դե որովհետև իր նման մի 1500 տնային տնտեսուհի էլ է որոշել նույնն անել։

Իսկ մնացած օրերին գրողի ծոցը բոլոր տեսակի էդ աղջկական թիթիզությունները։ Ախ հա, դե "գործերը" խեղդում են և գումար չկա։ Հա, 70.000 չկա, իսկ սև ուրբաթին 70-ը 35 է դառնում (կամայական)։

Սև ուրբաթները ստում են։ Որովհետև արդեն որերորդ սև ուրբաթին մենք չգտանք մեր բռով երջանկության խանութը։

Չգտանք, որովհետև փնտրում էինք դրսում՝ ծյունինգ արած խանութներում, մինչդեռ պետք էր ներսում փնտրել. սեփական բռի մեջ.սեփական հոգում։

Սև ուրբաթը կապ չունի։

Comments

Popular posts from this blog

չղջիկներիդ տուն ուղարկի

տողերս արտագաղթել են

Մեծատառով. նոր տողից